«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ռեալին» և եզրափակչում կմրցի Ինտերի դեմ (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում տանը ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց շատ վստահ՝ 4-0: Առաջին խաղակեսում քաղաքայինները երկու գնդակ ուղարկեցին Ռեալի դարպասը՝ դուբլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան համապատասխանաբար 23-րդ և 37-րդ րոպեներին։Առաջին խաղակեսում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կատարեց 13 հարված, որից 5-ը դիպուկ էր: Համեմատության համար նշենք՝ Ռեալը առաջին կեսում մեկ դիպուկ հարված է կատարել։

Երկրորդ խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: 76-րդ րոպեին Դե Բրույնեի կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց «Արքայական ակումբի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին խաղի վերջակետը դրեց անգլիական գրանդի կազմում փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը:

«Մանչեսթեր Սիթին» երկխաղյա դիմակայությունում հաղթեց 5-1 հաշվով: Մադրիդում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Անգլիական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ ՉԼ եզրափակիչ և գավաթը կվիճարկի Հենրիխ Մխիթարյանի Ինտերի հետ։

«Ինտեր» — «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Իտալիայի փոխչեմպիոնը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայությունում հաղթել էր «Միլանին» (2-0, 1-0)։