Մադրիդի «Ռեալին» կարող է 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվել «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հաղթական խաղում (1-0):
Հանդիպման 84-րդ րոպեին, երբ «Ռեալը» հաղթում էր 1-0 հաշվով, մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել էր հաղթական գոլի հեղինակ դարձած Մարկո Ասենսիոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերել իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլային:
Երբ Օդրիոսոլան խաղադաշտում էր, իսկ Ասենսիոն՝ եզրային գծի վրա, փոխարինման կարիք զգաց ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որը վնասվածք էր ստացել: Արդյունքում, Օդրիոսոլան խաղադաշտ մտավ Կամավինգայի փոխարեն, իսկ Ասենսիոն շարունակեց խաղը:
Կանոնադրության համաձայն՝ փոխարինումը համարվում է կայացած, երբ պահեստային ֆուտբոլիստը հայտնվում է խաղադաշտում և այդ պահից դաշտից հեռացած խաղացողը համարվում է փոխարինված ու չի կարող շարունակել հանդիպումը:
«Խետաֆեում» կարծում են, որ Օդրիոսոլան արդեն խաղադաշտում էր, այդ պատճառով էլ փոխարինումը կայացել էր և դաշտից պետք է հեռանար ոչ թե Կամավինգան, այլ Ասենսիոն: Ակումբը բողոք է ներկայացրել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիա (RFEF):
Եթե հաստատվի, որ փոխարինումը կատարվել է՝ խախտելով օրենքը, ապա «Խետաֆեի» հաշվին կգրանցվի 3-0 հաշվով հաղթանակ, իսկ «Ռեալը» կտուգանվի 6-9 հազար եվրոյով: