Հոլանդի հերթական ռեկորդներն ու Սիթիի ջախջախիչ հաղթանակն Արսենալի նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց առաջատար Լոնդոնի «Արսենալին» և հաղթեց 4-1 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, մեկական գոլ խփեցին անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: «Արսենալի» միակ գոլը խփեց անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգը:

Նորվեգացի հարձակվողը նաև այս խաղում ռեկորդներ գրանցեց․ ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 43 հանդիպում, խփել 49 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: 22-ամյա նորվեգացին 36 տարվա մեջ դարձավ Անգլիայի բարձրագույն լիգան ներկայացնող առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփում է 49 գոլ: Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Քլայվ Ալենը 1986/1987 մրցաշրջանում նույնքան գոլ էր խփել բոլոր մրցաշարերում:

Նորվեգիայի հավաքականի առաջատարը նաև գերազանցեց «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի ռեկորդը: Հոլանդը 33-րդ գոլն է խփել Անգլիայի ընթացիկ առաջնությունում (29 խաղում): Սա Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ է այն պահից սկսած, երբ Անգլիայի բարձրագույն լիգայում խաղում են 20 թիմեր և մրցաշրջանը բաղկացած է 38 տուրից: Սալահը 2017/2018 մրցաշրջանում անցկացրած 36 խաղում խփել էր 32 գոլ: