Ամենահավանական տարբերակը, որ Մեսսին կարող է չստանալ Ոսկե Գնդակը

Մինչև վերջերս թվում էր՝ «ՊՍԺ»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտն է։ Նա նվաճել է Աշխարհի գավաթը, «ՊՍԺ»-ում վատ մրցաշրջան չի անցկացնում՝ իր հաշվին գրանցելով 19 գոլ և 18 գոլային փոխանցում։ Սակայն երկրպագուները մի քանի տարբերակներ են առաջ քաշում, համաձայն որի, Մեսսին կարող է չստանալ «Ոսկե գնդակը»։ Տարբերակներից ամենահավանականը հետևյալն է՝ անգլիական «Մանչեստեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդը ֆանտասիկ մրցաշրջան է անցկացնում։ Նորվեգացին իր հաշվին բոլոր մրցաշարերում արդեն գրանցել է 45 գոլ և «Ոսկե խաղակոշիկի» գլխավոր հավակնորդն է։
Եթե «Մանչեստեր Սիթին» նվաճի Անգլիայի Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան, ապա հենց նորվեգացի գոլահարը պետք է ստանա լավագույնի մրցանակը։

Այս սցենարը բավականին իրատեսական է։ Պրեմիեր լիգայում «Սիթին» մի քանի միավորով է հետ «Արսենալից», և այս տուրում արդեն երկու թիմերը կմրցեն միմյանց դեմ։

Չեմպիոնների լիգայում էլ Պեպի թիմը կիսաեզրափակչում պետք է հաղթահարի «Ռեալ Մադրիդի» արգելքը, որը հեշտ գործ չէ, սակայն ոչ անիրատեսական։

Մինչդեռ «ՊՍԺ»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, Ֆրանսիայի գավաթից և նվաճելու միակ մրցանակը մնացել է Ֆրանսիայի առաջնությունը, որին շատ մոտ են փարիզյան թիմի ֆուտբոլիստները։

Սպասենք, տեսնելու՝ դեպքերն ինչ ընթացք կստանան։