«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին:
«Անկեղծ ասած՝ մենք չենք քննարկել այս թեման, բայց պարզ է, որ Մեսսիին այլ ակումբի մարզաշապիկով տեսնելը միշտ տարօրինակ է։ Ի վերջո, եթե նա ցանկանում է վերադառնալ, և ակումբը նույնպես ցանկանում է դա, ապա կատարյալ կլինի»,- իսպանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղացել էր 2005-2021 թվականներին: 35-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է, անցկացրած 778 խաղում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ի հետ աշխարհի նորընծա չեմպիոնի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: