Սաուդյան Արաբիայում դատի կտան «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հրապարակային անպարկեշտության համար, հաղորդում է ESPN-ը։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է փաստաբան Նուֆ բին Ահմեդը՝ նշելով, որ հայց է ներկայացրել դատախազություն։
«Ալ Հիլյալից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո Ռոնալդուն երկրպագուների «Մեսի, Մեսի» վանկարկումներին պատասխանել էր անհարգալից ժեստով՝ կիսավարտիքի վրայից բռնելով ամորձիները։
«Action ya Dawri» հաղորդման ժամանակ հաղորդավար Մոհամեդ Ալ Անզին զանգել է «Ալ Նասր» եւ հարցրել ակումբի դիրքորոշումը։ Ակումբի ներկայացուցիչը եթերում հայտարարել է, որ Ռոնալդուն խաղի ժամանակ հարված է ստացել ամորձիներին եւ այդ պատճառով է արել այդ ժեստը։