Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները և ձևավորվեցին զույգերը:
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց Լիսաբոնի «Բենֆիկային» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 3-3:
«Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, արգենտինացի հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Խոակին Կորեան:
Պորտուգալական ակումբի գոլերը խփեցին նորվեգացի կիսապաշտպան Ֆրեդրիկ Էուրսնեսը, պորտուգալացի պաշտպան Անտոնիու Սիլվան և խորվաթ հարձակվող Պետար Մուսան:
Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Միլանյան գրանդը դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով: Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթեց 5-3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ: