Բարսելոնայի նախագահի խոսքով՝ մրցավարները համակրում են Ռեալին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ Իսպանիայի առաջնության մրցավարները համակրում են Մադրիդի «Ռեալին» պատմական հանգամանքների պատճառով։
Նա իր կարծիքն է հայտնել Նեգրեյրայի գործի ֆոնին։ Այն սկսվելուց հետո Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել դատավարությանը մասնակցելու մասին։

«Մենք չենք սիրում հաղթել մրցավարների ֆավորիտիզմի պատճառով։ Կան այլ ակումբներ, հատկապես նրանք, որոնք դիմել են դատարան, որոնց մրցավարները պատմականորեն համակրել են։
Այնպես որ, ես կարծում եմ, որ սա (Նեգրեյրա գործը) իմաստ չունի, և վաղը մամուլի ասուլիսում ես դա կբացատրեմ: Եվ հուսով եմ, որ սա շատ պարզ է: Երկրպագուների շնորհիվ մեր ակումբը մեծացել է։ Մենք թույլ չենք տա, որ «Բարսելոնայի» ժառանգությունն արատավորվի»,- Լապորտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր կոռուպցիոն սկանդալի հետաքննության մեկնարկի մասին՝ «Բարսելոնայի» կողմից Նեգրեյրային արված վճարումների հետ կապված։ Հաղորդվում էր նաև, որ Լա Լիգան կարող է կատալոնական ակումբի դեմ բողոք ուղարկել ՖԻՖԱ։

Փետրվարի 15-ին հաղորդվել էր, որ «Բարսելոնան» 1,4 մլն եվրո է վճարել Նեգրեիրային պատկանող DASNIL 95 ընկերությանը։ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։