Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ։
Առաջին կեսում մանչեսթերյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարսել Զաբիցերը։ 85-րդ րոպեին տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Տայլեր Մալասիան։ 90+-րդ րոպեին ՄՅՈւ-ի կազմում ևս մեկ ինքնագոլ գրանցվեց։ Այս անգամ «աչքի ընկավ» Հարի Մագուայրը։
Խաղի ժամանակ գեղեցիկ դրվագ եղավ։ Հանդիպման երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Լիսանդրո Մարտինեսը վնասվածք ստացավ։ Վերջինս չէր կարողանում ինքնուրույն հեռանալ խաղադաշտից և նրան օգնության հասան «Սևիլիայի» արգենտինացի խաղացողներ Մարկոս Ակունյան, Պապու Գոմեսը, Լուկաս Օկամպոսը։
Խաղացողները մի պահ մոռացել էին, որ հակառակ թիմերում են խաղում և միանգամից օգնեցին իրենց հավաքականի խաղընկերոջը։
Հիշեցնենք` Քաթարում կայացած Աշխարհի առաջնությանն Արգենտինայի ընտրանին դարձավ Աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում՝ դրամատիկ խաղում, հետախաղյա 11-ոցներով հաղթելով գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականին։ «Քաթար 2022»-ում արգենտինացի ֆուտբոլիստները դրսևորեցին ֆանտաստիկ միասնականություն, ինչն էլ հանգեցրեց երկար սպասված հաղթանակին։