Զինեդին Զիդանը կարող է դառնալ «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ինսայդեր Ջեյմս Բենգեն։
Ըստ աղբյուրի՝ Ռուդի Գարսիայի հրաժարականից հետո ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է, որ ֆրանսիացին դառնա իրենց հաջորդ գլխավոր մարզիչը։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներգրավված է բանակցություններում և փորձում է համոզել Զիդանին՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու որոշում կայացնել։ Սաուդյան ակումբը կարող է գլխավորել նաև Ժոզե Մոուրինյոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գարսիան կոնֆլիկտ է ունեցել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև ակումբի այլ խաղացողների հետ։ Պորտուգալացին դժգոհություն է հայտնել մարզչի աշխատանքից և թիմի խաղաոճից։
Երեկ էլ «Ալ Նասր»-ը հայտարարեց նոր գլխավոր մարզչի մասին։ Գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է խորվաթ Դինկո Ելիչիչին։
Դինկո Ելիչիչը մինչև այս մարզում էր «Ալ Նասրի» Մ19 թիմը: Նա կփոխարինի ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային, որը պաշտոնանկ էր արվել ապրիլի 12-ին։
Սաուդյան Արաբիայի առաջնության 23 տուրից հետո «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է և առաջատար «Ալ Իթիհադին» զիջում է 3 միավոր: