«Բարսելոնան» համաձայնության է հասել Մեսսիի հետ

Կատալոնական «Բարսելոնան» աշխատում է ֆրանսիական ՊՍԺ-ի ու աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին վերադարձնելու ուղղությամբ, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն:

Իսպանիայի Լա լիգայում կարծում են, որ «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի հետ: Մարտի վերջին կատալոնական ակումբը Մեսսիին վերադարձնելու տնտեսական ծրագիրը ներկայացրել էր Լա լիգային:

«Բարսելոնայի» մարքեթինգային բաժինն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ 35-ամյա ֆուտբոլիստի վերադարձը մեծ շուքով ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021-ին: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է և 778 խաղում խփել է 672 գոլ, կատարել 303 ասիստ: