Ինչպես հայտնի է՝ կատալոնական Բարսելոնան ցանկանում է ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբ վերադարձնել թիմի լեգենդ, աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսին։ Արգենտինացին ևս դեմ չէ հարազատ ակումբ վերադառնալուն, սակայն ինչպես գրում է իսպանական մամուլը, մասնավորապես՝El Nacional-ը արգենտինացու վերադարձին կարող է խանգարել կատալոնական թիմի իսպանացի կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոն։
Բանն այն է, որ Մեսսին Բարսելոնայում խաղալու ժամանակ իսպանացի կիսապաշտպանին երբեք չի համարել առաջին թիմին արժանի խաղացող։ Այդ կոնլֆլիկտը հանգեցրեց նրան, որ Բարսելոնան պայմանագրեր ստորագրեց Սեմեդուի ու Դեստի հետ, սակայն այդ տրանսֆերներն էլ Ռոբերտոյին դուրս չթողեցին առաջին թիմից։
Չավիի համար Ռոբերտոն այսօր իր կարևոր տեղն ունի կատալոնական ակումբի կիսապաշտպանական գծում և շատ դժվար կլինի կատալոնացի մասնագետին թողնել իսպանացուն պահեստայինների նստարանին։
Այս մրցաշրջանում Ռոբերտոն պարբերաբար խաղում է մեկնարկային կազմում և քիչ հավանական է, որ նա այս ամառ կհեռանա ակումբից։