«Բավարիայի» պաշտպան Մատիաս Դե Լիխտը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպման նախօրեին ասել է, որ «Բավարիան» պետք է լուրջ վերաբերվի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Էրլինգ Հոլանդն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, նա հիանալի մարզավիճակում է: Հոլանդը լավն է ոչ միայն տուգանային հրապարակում, այլև դրանից դուրս։ Կարևոր է, որ մեր պաշտպանությունը լավ կազմակերպված լինի, քանի որ Հոլանդն անհավանական խաղացող է:
Այնուամենայնիվ, առանց Դե Բրույնեի լավ փոխանցման, նրա համար նույնպես դժվար կլինի։ Պետք է կենտրոնացած մնանք, քանի որ եթե նրանց ինչ-որ հնարավորություն տանք, նրանք անպայման գոլ կխփեն»,- Դե Լիխտի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 6 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։
«Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: