Բիչախչյանը մեկնաբանել է «Կրակովիայի» նկատմամբ տնային հաղթանակը

«Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնաբանել է Լեհաստանի առաջնության 27-րդ տուրում «Կրակովիայի» նկատմամբ տնային հաղթանակը: «Պոգոննն» այդ խաղում հաղթել էր 3-2 հաշվով, իսկ Բիչախչյանը դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ:

«Մենք չենք կենտրոնանում մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակի վրա: Յուրաքանչյուր հանդիպմանն այնպիսի վերաբերմունքով ենք մոտենում, որ պետք է 100 տոկոսով նվիրվենք ու ամեն ինչ անենք հաղթելու համար։ Մրցաշրջանի ավարտին դեռ 7 խաղ կա, որոնցից յուրաքանչյուրում պայքարելու ենք միավորների համար։ Մենք ամեն ինչ կանենք այս մրցաշրջանը հնարավորինս բարձր դիրքում ավարտելու համար։

Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցանք այս խաղում։ Շատ պահեր ստեղծեցինք, բավական լավ տիրեցինք գնդակին։ Ափսոս, որ երկու գոլ բաց թողեցինք, բայց դա ֆուտբոլ է։ Ամենակարևորն այն է, թե ինչպես պետք է արձագանքել բաց թողած գոլերին, և մեր արձագանքը տեղին էր։ Մենք ցույց տվեցինք թիմի բնավորությունն ու ոգին»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Պոգոնը» 27 խաղից հետո 44 միավորով չորրորդն է Լեհաստանի բարձրագույն լիգայում: