Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիսյոֆ Գալտյեն հաստատել է, որ փարիզյան ակումբը նոր պայմանագրի հարցում բանակցություններ է վարում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
Ինչպես հաղորդում է France Football-ը՝ ՊՍԺ-ում արդեն կազմում են գալիք մրցաշրջանի ծրագրերը․
«Մենք կազմում ենք ապագայի ծրագրերը՝ հասկանալու համար թիմում ինչը պետք է բարելավել։
Կարող եմ ասել, որ ՊՍԺ-ն ու Մեսսին բանակցություններ են վարում: Անձամբ ես կենտրոնացած եմ հաջորդ 10 խաղերի վրա, որպեսզի նվաճենք Լիգա 1-ի չեմպիոնությունը: Այն, ինչ կորոշեն Մեսին ու ակումբը, գաղտնիք է»։
Նշենք, որ 35-ամյա Մեսին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականի օգոստոսից և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում:
Հիշեցնենք նաև, որ կատալոնական «Բարսելոնան» ևս ամեն ինչ անում է արդեն գալիք մրցաշրջանում Աշխարհի նորընծա չեմպիոնին հարազատ ակումբ վերադարձնելու համար։