Էդուարդ Սպերցյանի տպավորիչ ցուցանիշները

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, գոլային փոխանցում կատարելով «Ռոստովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի տնային խաղում (3-0), գրանցել է տպավորիչ ցուցանիշներ:

Opta-ի հաղորդմամբ՝ 22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը Ռուսաստանի առաջնության մեկ մրցաշրջանում կատարել է 10 կամ ավելի գոլային փոխանցում: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կատարել է 11 գոլային փոխանցում:

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին Ժոաոզինյոն (10 ասիստ՝ 2011/12 մրցաշրջանում, 12 ասիստ՝ 2012/13 մրցաշրջանում) և Պավել Մամաևը (13 ասիստ՝ 2015/16 մրցաշրջանում)։

Սպերցյանը նաև դարձել է «Կրասնոդարի» պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը ՌՊԼ-ի մեկ մրցաշրջանում խփել է 10 կամ ավելի գոլ և կատարել 10 կամ ավելի գոլային փոխանցում: Սպերցյանը 11 ասիստի հետ մեկտեղ խփել է 10 գոլ:

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էր Պավել Մամաևը, որը 2015/16 մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում խփել էր 10 գոլ և կատարել 13 ասիստ:

Ընդհանուր առմամբ՝ հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: