Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը․ «Մեր երազանքն իրականություն դարձավ, բայց դեռ առջևում եզրափակիչն է: Պլզենից Ստամբուլ՝ պարզապես աշխատեցինք և չլսեցինք ոչ մեկի:Հրաշալի զգացողություն է: Սա մի երազանք էր, որին ես և տղաները ձգտում էինք խմբային փուլի վիճակահանությունից սկսած: Ֆանտաստիկ երեկոն փոքր-ինչ խաթարվեց Մխիթարյանի վնասվածքի պատճառով: Հույս ունենանք, որ ոչ մի լուրջ բան չկա, որովհետև նա շատ կարևոր է մեզ համար:
Նա խաղադաշտում իր ելույթներով արժանացել է մասնակցելու երկու եզրափակիչներին էլ: Վստահ ենք, որ նա կհասցնի վերականգնվել, սակայն տեսնենք, թե առաջիկա օրերին ինչպես է զգում իրեն»,- Ինձագիի խոսքը մեջբերում է SempreInter.com-ը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հնարավորություն ունի խաղալու գլխավոր եվրագավաթի եզրափակիչում: