Բուսկետսի հրաժեշտի խոսքերն՝ ուղղված Բարսելոնային ու երկրպագուներին

Կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հեռանում է թիմից։ Բարսելոնան այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Իր հերթին Բուսկետսը ևս դիմել է երկրպագունին․ «Ինձ համար մեծ պատիվ և հպարտության աղբուր էր «Բարսելոնայի» տարբերանշանը կրելու հնարավորություն ունենալը, բայց ամեն ինչին կա վերջ: Դժվար որոշում էր, բայց ժամանակը եկել է:

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ուղեկցել են ինձ այս ճամփորդության ընթացքում: Շնորհակալ եմ ինչպես ակումբի ներկայացուցիչներին, այնպես էլ երկրպագուներին»,- «Բարսելոնայի» ավագի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» սան է: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիների առաջին թիմի կազմում ելույթ է ունենում 2008 թվականից և անցկացրած 719 խաղում խփել է 18 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում:

Կատալոնական ակումբի կազմում իսպանացին 3-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը, 8 անգամ՝ Իսպանիայի Լա լիգան, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և 7-ական անգամ՝ Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը: