Համաշխարհային սպորտի ակադեմիայի «Լաուրեուս» 2022 լավագույն համաշխարհային մարզիկի կոչմանն արժանացել է աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի հարձկավող Լիոնել Մեսսին։
Արգենտինացին 2022 թվականին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ճանաչվել է Աշխարհի չեմպիոն՝ նվաճելով այդքան բաղձալի մրցանակը։
Մրցանակաբաշխությանն Արգենտինայի ազգային ընտրանին էլ ստացել է «Տարվա լավագույն թիմ» մրցանակը։
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Բարսելոնայի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես և ինչի մասին են Լևանդովսկին, Մեսսին ու Մեսսիի կինը շփվում մրցանակաբաշխության կարմիր գորգին։
Արգենտինացին հետաքրքրվել է Լևանդովսկուց․ «Բարսելոնայում ամեն ինչ լա՞վ է», ինչին ի պատասխան լեհ հարձակվողը նշել է, որ ամեն ինչ լավ է։ Մեսսիի կինը նշել է, որ Լևանդովսկին ու նրա կինը՝ Աննա Լևանդովսկայան պարզապես սիրահարված են քաղաքին։ Մեսսին հետաքրքրվել է նաև, թե քաղաքում որտեղ է ապրում Լևանդովսկին։
Արդեն այս ամառ Մեսսին ու Լևանդովսկին կարող են թիմակիցներ դառնալ։ Հիշեցնենք՝ մամուլը պարբերաբար գրում է, որ այս ամառ արգենտինացի հարձակվողն ամենայն հավանականությամբ կվերադառնա հարազատ ակումբ՝ Բարսելոնա։