Մոդրիչն արձագանքել է Սաուդյան Արաբիայի աստղաբաշխական առաջարկին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ցանկանում հեռանալ արքայական ակումբից և մտադրություն ունի ևս մեկ տարի մնալ թիմում։ Ինչպես հաղորդում է Sport-ը՝մադրիդյան ակումբը խորվաթ ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թվականի ամառը։ Կողմերը համաձայնության են եկել։

Նշենք՝ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայից և նրան առաջարկել են պայմանագիր՝ տարեկան մոտ 40 միլիոն եվրո աշխատավարձով։ Մոդրիչը մերժել է առաջարկն ու որոշել ևս մեկ մրցաշրջան մնալ Եվրոպայում։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։