Մադրիդի Ռեալը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի փոխարինողների փնտրտուքների մեջ է։ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հստակ է որոշել, եթե իտալացի մասնագետը թիմի հետ չնվաճի Չեմպիոնների լիգան, ապա մրցաշրջանի ավարտին նա կհեռանա ակումբից։
Ինչպես հայտնում է Sport Bild-ը՝ սերուցքայինները հիմնական թեկնածու են դիտարկում նաև Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյին։
«Ռեալում» կարծում են, որ նա ունի բավարար որակներ՝ կարիերայում քայլ առաջ կատարելու և գրանդ ակումբ մարզելու համար:
Ալոնսոն արձագանքել է շրջանառվող լուրերին․ «Ես շատ երկար ժամանակ է ինչ ֆուտբոլում եմ։ Այն, որ տարբեր շշուկներ կան, նորմալ է, բայց դեռ մենք շատ անելիք ունենք։
Իմ գլուխը վերջին ամիսներին 100%-ով զբաղված է ներկայիս աշխատանքով»։
Հիշեցնենք, որ 41-ամյա Ալոնսոն «Բայերը» գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին, երբ թիմը Բունդեսլիգայում 17-րդ տեղում էր: Իսպանացու գլխավորությամբ լևերկուզենցիները վերադարձել են եվրագավաթային գոտի, ինչպես նաև նվաճել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Իսպանացի կիսապաշտպանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Ռեալում» խաղացել է 2009-2014-ին։