ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որը հունիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Սպասվում է, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա», որից հեռացել էր 2021-ի ամռանը ազատ գործակալի կարգավիճակում։ Մեսսիի եւ ՊՍԺ-ի ղեկավարության հարաբերություններն այժմ լարված են վերջին սկանդալի պատճառով։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի տնային խաղում «Լորիանից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո Մեսսին գործնական այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա, որի Տուրիզմի նախարարության դեսպանն է։ Նա այցի իրավունք է ունեցել հաղթանակի կամ ոչ ոքի արդյունքի դեպքում, ինչի մասին նրան տեղյակ են պահել թիմի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն եւ մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը։ Պարտությունից հետո Մեսսին պետք է ներկայանար հաջորդ օրվա մարզմանը, սակայն չի կարողացել չեղարկել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ պայմանագրով նախատեսված գործնական այցը։

Մեսսին երկու շաբաթով հեռացվել է թիմից եւ բաց կթողնի «Տրուայի» (մայիսի 7) եւ «Այաչոյի» (մայիսի 13) դեմ հանդիպումները Ֆրանսիայի առաջնությունում։