Երեկ հայտնի դարձավ, որ ֆրանսիական ՊՍԺ-ն երկու շաբաթով պատժել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ առանց զգուշացնելու Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։ 35-ամյա հարձակվողը մեկնել է Լիգա 1-ում «Լորյանից» կրած 1։3 հաշվով պարտությունից ժամեր անց։ Ֆուտբոլիստը չի համաձայնեցրել ճանապարհորդությունը ՊՍԺ-ի ղեկավարության հետ, և դա առաջացրել է նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի դժգոհությունը:
Աշխարհի նորընծա չեմպիոնը երկու շաբաթով հեռացվել է թիմից՝ մարզումներից ու սպասվող հանդիպումներից։
Արդեն այսօր, ինչպես հայտնում է ինսայդ Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Մեսսիի ներկայացուցիչներն արձագանքել են փարիզյան թիմի որոշմանը․ «Վերջին ամիսներին Մեսսին երկու անգամ մերժել է Սաուդյան Արաբիա մեկնելու առաջարկը՝ ելնելով ակումբի նկատմամբ հարգանքից։ Նա պրոֆեսիոնալ է և գիտի՝ ինչպիսի վարք պետք է դրսևորել։ Այս անգամ էլ արգենտինացին զգուշացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, սակայն այլևս չէր կարող մեկնելու պլանները փոխել»:
Նշենք՝ Մեսսիի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է այս տարվա ամռանը։ Արգենտինացին մոտ է հարազատ Բարսելոնա վերադարձին։