Ինչպես հայտնում են Sky Sports-ի աղբյուրները՝ Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն որոշել է՝ ով է փոխարինելու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, եթե արքայական ակումբին չհաջողվի նվաճել Չեմպիոնների լիգան։ Արքայական ակումբում ապագա մարզչի մի քանի անուններ են շրջանառվել՝ Ռաուլ, Զիդան, Պոչետինո․․․ Մարզական մամուլն անգամ գրեց, որ նախնական որոշմամբ՝ Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո թիմը կմարզի արգենտինացի մասնագետ Պոչետինոն, ում բավականին հավանում է Պերեսը, սակայն Ռեալի ղեկավար խորհուրդը նախապատվությունը տալիս է ակումբի լեգենդ Ռաուլ Գոնսալեսին։
Արդեն այսօր Պերեսը փոխել է իր մտադրությունը։ Ըստ աղբյուրի՝ սերուցքայինները մտադրություն ունեն թիմ հրավիրելու գերմանական Բավարիայի նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։
Սակայն, Կառլո Անչելոտիին միայն մի դեպքում կհեռացնեն մարզչի պաշտոնից, եթե իտալացի մասնագետն ամեն դեպքում չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգան։
Հիշեցնենք՝ Ռեալը ՉԼ-ի կիսաեզրափակչում հանդիպելու է Անգլիայի չեմպիոն Մանչեստեր Սիթիին։