ՊՍԺ-ում դժգոհ են Մեսսիի՝ Սաուդյան Արաբիա այցից

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին մեկնել է Սաուդյան Արաբիա՝ առանց ակումբին տեղեկացնելու։

Մեսսիի արաբական աշխարհ այցի մասին չեն իմացել ո՛չ մարզիչը, ո՛չ սպորտային տնօրենը։ Իր հերթին արգենտինացին մտածել է, որ կարող է իր երկօրյա հանգիստն անցկացնել Սաուդյան Արաբիայում, սակայն «Լորյանից» կրած տնային պարտության (1-3) պատճառով հանսգտյան օրը չեղարկվել է, և երկուշաբթի թիմը մարզում է անցկացրել:

Մեսսիի բացակայությունը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել փարիզյան ակումբի հանդերձարանում:

Նշենք, որ 35-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը, որը պատրաստ է տարեկան 400 միլիոն եվրո վճարել արգենտինացուն:

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին ՊՍԺ-ի կազմում 37 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 19 գոլային փոխանցում: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։