Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ստեղծում է սեփական ֆուտբոլային ակումբը: Մովսիսյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, այդ թվում՝ ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի և Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանի՝ թուրքական «Գալաթասարայ» չտեղափոխվելու մասին:
Էդուարդ Սպերցյանի մասին
«Անցյալ ամռանը Սպերցյանն ինձ հետ խորհրդակցեց Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Նա արդեն ուներ տարբերակներ։ Ես նրան ասացի՝ «Մեկ տարի էլ խաղա Ռուսաստանում, հետո ես քեզ կուղարկեմ Եվրոպա»։
Ինձ թվում էր, որ անցյալ ամռանը դեռ վաղ էր հեռանալ։ Դա անելու համար պետք է խաղալ այնպես, ինչպես նա խաղում է հիմա, երբ նա արդեն «Կրասնոդարի» առաջատարն է, իր վրա է վերցնում թիմի պատասխանատվությունը: Ափսոսում եմ, որ «Կրասնոդարում» միասին չխաղացինք»:
Արսեն Զախարյանի՝ «Գալաթասարայ» չտեղափոխվելու մասին
«Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ: Ինձ համար հայ ֆուտբոլիստի՝ Թուրքիա տրանսֆերն անհնար է, բայց կարող են լինել այլ կարծիքներ։ Կարծում եմ՝ քննադատություն կլինի Հայաստանում, միշտ էլ դա կա»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մովսիսյանը մաարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Նա առանց ակումբի էր մնացել 2019 թվականին: Հարձակվողը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: