«Ռեալն» ու «Միլանը» կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչի առաջին երկու մասնակիցները:

Մադրիդի «Ռեալը» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսիին» և հաղթեց 2-0 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն:

Դիմակայության առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնը տանը հաղթել էր նույն հաշվով:
Զուգահեռ ընթացող խաղում Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց Ա Սերիայի առաջատար «Նապոլիին» և բաց թողեց հաղթանակը՝ 1-1: «Միլանի» կազմում 43-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

«Նապոլիի» կազմում ավելացված ժամանակի երրորդ րոպեին պատասխան գոլը խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, սակայն տանտերերն ավելին անել չկարողացան:

«Միլանը» դիմակայության առաջին խաղում տանը հաղթել էր 1-0 հաշվով: Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Լիսաբոնի «Բենֆիկայի» և Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» դիմակայության (առաջին խաղում միլանյան ակումբը հաղթել է 2-0 հաշվով) հաղթողի հետ: