Իսպանիայի բռնության դեմ պայքարի ազգային կոմիտեն Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գործն ուղարկել է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային մրցումների կոմիտե: 24-ամյա ֆուտբոլիստին սպառնում է 4-12 խաղյա որակազրկում, հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 28-րդ տուրի տնային խաղից (2-3) հետո «Ռեալի» ֆուտբոլիստը ստադիոնի ավտոկայանատեղիում հարվածել էր «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային, որն ամիսների առաջ թիմերի միջև կայացած գավաթային խաղում անպատվել էր Վալվերդեին:
Ընթացիկ մրցաշրջանում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: