Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցանի մասին:
«Էդուարդը հիանալի ֆուտբոլիստ է: Նրա համար տարբերություն չկա, թե որտեղ կխաղա՝ Իտալիայում, թե Գերմանիայում: Կարծում եմ, որ Սպերցյանը կդառնա եվրոպական ֆուտբոլի հաջորդ աստղը Կվարացխելիայից հետո»,- Կամոցիի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ամռանը կհեռանա ռուսական ակումբից և կարիերան կշարունակի իտալական կամ գերմանական ակումբներից մեկում:
Տեղեկություններ կային նաև այն մասին, որ կիսապաշտպանի խաղին հետևում են գերմանական «Բայերի», «Ֆրայբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սկաուտները: Նշվում էր նաև, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: