«Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն գերմանացի վինգեր Լերոյ Սանեի հետ կոնֆլիկտից հետո, հավանաբար, կհեռանա մյունխենյան ակումբից: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է 31-ամյա ֆուտբոլիստի պահվածքիք: Նրանք մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Մանեի տրանսֆերային իրավունքը:
Sky Germany-ի հաղորդմամբ՝ երկու ֆուտբոլիստները ներողություն են խնդրել իրենց վարքի համար և մասնակցել ապրիլի 13-ին կայացած մարզմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն և Սանեն բախվել են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից (0-3) հետո: Թիմակիցների կոնֆլիկտը սկսվել էր հանդիպման ժամանակ, այնուհետ շարունակվել հանդերձարանում։
Նշվում էր, որ Մանեին դուր չի եկել, որ եզրում բացվելուց հետո Սանեն իրեն փոխանցում չի կատարել խաղային դրվագներից մեկում: Սենեգալցին նաև դժգոհել էր Սանեի շփման ձևից: Վեճն ավարտվել էր նրանով, որ Մանեն հանդերձարանում հարվածել էր Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի դեմքին՝ վնասելով նրա շրթունքը։
Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականի առաջատարը նախորդ տարվա հուլիսին էր անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել «Բավարիա»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: