Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տնային հաղթանակի շնորհիվ ռեկորդներ է սահմանել:
Իտալացի մասնագետի համար այս հանդիպումը 215-րդն էր գլխավոր եվրագավաթում (որպես ֆուտբոլիստ և մարզիչ` 21+194): Անչելոտին այս ցուցանիշով դարձավ ռեկորդակիր: Այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը:
Անչելոտիին հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը (214 խաղ(0+214)), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան (210(49+161)) և Լոնդոնի «Արսենալը» 22 տարի մարզած Արսեն Վենգերը (208(0+208)):
«Չելսիի» նկատմամբ հաղթանակն Անչելոտիի համար 35-րդն էր մրցաշարում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է Opta-ն:
Անչելոտին այս ցուցանիշով նույնպես դարձել է ռեկորդակիր՝ շրջանցելով թիմի նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Վիսենտե դել Բոսկեին, որն «Արքայական ակումբի» ղեկին Չեմպիոնների լիգայում անցկացրած 60 խաղերից 34-ում հաղթել էր:
«Ռեալը» գլխավոր եվրագավաթում 63-ամյա Անչելոտիի գլխավորությամբ անցկացրել է 47 հանդիպում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը քառորդ եզրափակիչի առաջին խաղում 2-0 հաշվով էր հաղթել անգլիական ակումբին: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին «Չելսիի» խաղադաշտում: