Զիդանի որդին բողոքել է

«Էյբարում» հանդես եկող Զինեդին Զիդանի որդին՝ 24-ամյա դարպասապահ Լուկան, կարծում է, որ իր հոր համբավը խանգարել է իրեն ֆուտբոլային հաջող կարիերա ունենալու հարցում։
Նա «Ռեալի» ակադեմիայի սան է։ Բայց նրա կարիերան Մադրիդում չի կարելի հաջողված համարել՝ Զիդան կրտսերը միայն երկու խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում։

«Ֆուտբոլային աշխարհում ես ուզում եմ ինձ տեսնել որպես Լուկա: Թող ինձ գնահատեն իմ անցկացրած խաղերով, ոչ թե ինձ որևէ մեկի հետ համեմատեն: Կան մարդիկ, ովքեր քննադատում են ինձ՝ առանց իմ մասին որևէ բան իմանալու: Դա ցավալի է:
Նրանք չգիտեն, թե ով եմ ես: Դժվար է ինչ-որ բան լսել այն մարդկանցից, ովքեր տեսել են, թե ինչպես եմ խաղում մեկ կամ երկու խաղ և իսկապես չգիտեն, թե ինչպիսի մարդ կամ ֆուտբոլիստ եմ ես: Մանկուց փորձել եմ հեռու մնալ այս ամենից… Բայց ես ավելի քիչ եմ պաշտպանված, քան ցանկացած այլ խաղացող՝ իմ ազգանվան պատճառով: Ցանկացած այլ ֆուտբոլիստի մասին այդքան չի խոսվում, որքան իմ մասին են խոսում: Նման բաները կարող են միայն վնասել, երբ ակումբը պատրաստվում է ինձ հետ պայմանագիր կնքել։

Եվ սա կրկնվում է նորից ու նորից։ Ամենուր ասում են, որ ես ինչ-որ բանի եմ հասել միայն հորս շնորհիվ… Ամբողջ այն աշխատանքը, որ անում եմ ամեն օր հաջողության հասնելու համար, կարծես թե անտեղի է: Ես հարգում եմ մարդկանց կարծիքը, բայց դա դժվար է։ Սա հեշտ մարսելի չէ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Relevo-ն։