ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը կրկին քննադատել է կատալոնական «Բարսելոնային», Մադրիդի «Ռեալին» և Թուրինի «Յուվենտուսին»՝ Սուպերլիգա ստեղծելու փորձերի համար:
«Այս նախագիծն առաջ տանողներն ասում են, որ ցանկանում են փրկել ֆուտբոլը: Սուպերլիգան դարձել է «Կարմիր գլխարկի» հերոս: Դա մի գայլ է, որը տատիկի կերպարանք է ընդունել:
Ո՞ւմ են նրանք խաբում: Դա մենաշնորհի տեսակ է, որը բարձր է մերիտոկրատիայից, ժողովրդավարությունից և փողը գերադասում է տիտղոսներից: Եվրոպական ֆուտբոլում մենաշնորհը տեղ չունի:
Ֆուտբոլը ոչ ոքի չի պատկանում, այն բոլորինն է: Ընդհանուր շահը պետք է վեր դասվի երեք ակումբների ու նրանց ներկայացուցիչների շահերից»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Սուպերլիգա ստեղծելու գաղափարին աջակցում էր եվրոպական 12 թոփ ակումբ, սակայն այժմ այդ շարքում մնացել են միայն «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»: