Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբ տեղափոխությանը, հայտնում է ESPN-ը:
Սաուդցիները «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին շռայլ առաջարկ են կատարել՝ մրցաշրջանում 400 միլիոն եվրո աշխատավարձ: Ֆուտբոլիստի շրջապատի հետ արդեն կայացել է բանակցությունների առաջին փուլը:
Աշխարհի նորընծա չեմպիոնի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն գնահատվում է 50 տոկոս: Մեսին գրեթե վստահ է, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունը ՊՍԺ-ի հետ:
35-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» և ամերիկյան «Ինտեր Մայամին»:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2021 թվականի օգոստոսին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: ՊՍԺ-ի հետ արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։