Մեղավոր եմ զգում ինձ․ Մխիթարյանն ամփոփել է «Ֆիորենտինայի» դեմ պարտությունը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղը, որում միլանյան գրանդը պարտվել էր 0-1 հաշվով:
21-րդ րոպեին կարող էր փոխանցում կատարել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը մրցակցի տուգանային հրապարակում շատ նպաստավոր դիրքում էր: 34-ամյա Մխիթարյանը սեփական կիսադաշտից շքեղ անցում էր ձեռնարկել, հասել մրցակցի տուգանային հրապարակ, հարվածել, որից հետո «Ֆիորենտինայի» դարպասապահը սեյվ էր կատարել, անմիջապես հետո հայ կիսապաշտպանը կատարել էր շրջադարձ հարված, որը շեղ էր ստացվել:

«Մեղավոր եմ զգում ինձ, որ չեմ օգտագործել գոլային պահս: Երեք խաղում գոլ չենք խփել: Մեր հնարավորությունները չենք կարողանում օգտագործել: «Ֆիորենտինայի» դեմ խաղի միայն առաջին կեսում կարող էինք երեք կամ չորս գոլ խփել:

Իմ ստեղծած գոլային դրվագում կարող էի գոլային փոխանցում կատարել Լուկակուին, բայց լավ դիրքում էի և կենտրոնացած, ադրենալինը շատ էր այդ պահին: Մոտիվացիայի խնդիր չկա: Պետք է լինենք հանգիստ, պարզ մտքով և կենտրոնանանք գոլ խփելու վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է internews.it-ը: