Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Մաքսիմ Դեմենկոն արձագանքել է այն տեղեկությանը, համաձայն որի, ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Միլան»:
«Եվրոպա տեղափոխվելու համար պետք է ներկայիս թիմում լինել համար առաջինը: Հրավերներ կան, բայց այս պարագայում ռիսկի դիմելը ճիշտ չէ: Կան դեպքեր, երբ ֆուտբոլիստը զգում է, որ հասել է համապատասխան մակարդակի, օրինակ` Ալեքսեյ Միրանչուկը: Նա որոշում կայացրեց, ցանկացավ ուժերը փորձել Եվրոպայում, բայց նա առաջատար էր:
Նույնը նաև Ալեքսանդր Գոլովինի դեպքում: Իսկ Սպերցյանին ու Զախարյանին, որի տեղափոխության մասին նույնպես խոսում են, գերագնահատում են, ըստ իս»,- Դեմենկոյի խոսքը մեջբերում է «Евро-Футбол.Ру»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լավագույնն է ասիստների ցուցանիշով։